Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

5:0-ն ամեն ինչի վերջը չէ

5:0-ն ամեն ինչի վերջը չէ
17.07.2015 | 01:36

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոյի «Ֆոլգորեին» երկու հանդիպումում էլ պարտության մատնած Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» նույն այդ որակավորման երկրորդ փուլում հանդիպեց «Մոլդեին», որը, ի դժբախտություն մեզ, «Ֆոլգորեի» պես սիրողական ֆուտբոլիստներից չի կազմված: Նորվեգացիներն անպատշաճորեն անհյուրընկալ տանտերեր դուրս եկան և մերոնց թույլ չտվեցին գոնե մեկ անգամ գրավել իրենց դարպասը, փոխարենն անկուշտ գազանի պես լցրեցին ու լցրեցին մերը, կարծես ֆուտբոլի փոխարեն խաղում էին լցնոցի:
Իհարկե պարտվել ենք, սակայն շատ պարզ տրամաբանությամբ սրանից չպիտի սարքել համազգային, իսկ մասշտաբները մի փոքր փոքրացրած, համաավանային ողբերգություն ու ահա թե ինչու. 5:0-ն այնքան էլ սարսափելի հաշվով պարտություն չէ, քանի որ որքան էլ ձգում, այդուհանդերձ չի հասնում պատվերով համերգի կարգավիճակին (հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանն այդպիսին է հաշվում մեկ դարպասը վեց խփած գոլով խաղերը), ինչը, համաձայն ֆուտբոլ ներմուծած մեր թիմի գլխավոր մարզչի տեսություն-ընկալման, կարող է թույլ տալ հանդիպումը որակել եթե ոչ գոհացուցիչ, ծայրահեղ դեպքում՝ կիսագոհացուցիչ: Իհարկե, վերջինով որոշակիորեն նահանջ ենք ապրում ֆուտբոլային նորահայտ տեսաբանի տեսությունից, բայց դե:
Նկատենք, որ խաղն անհույս տանուլ տված չէ: Եթե «Փյունիկին» հաջողվի տան պայմաններում անառիկ պահել թե սեփական, թե մրցակցի դարպասը, այդ դեպքում հանգիստ խղճով կարելի կլինի ազդարարել հայկական ֆուտբոլի որակական առաջընթացի մասին, իսկ դրա համար շատ քիչ բան պիտի անել՝ պետք է ֆուտբոլ խաղալ… սովորել:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում երեկ մրցեցին «Շիրակն» ու «Ալաշկերտը»: Գյումրեցիները Ստոկհոլմում «քննելու» էին ԱԻԿ-ին, երկրորդի մրցակիցն էր Ղազախստանի «Կայրաթը»: Հուսանք, որ նրանց կհաջողվի խուսափել «Փյունիկի» ծանր ճակատագրից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ